Դարձի՛ր կամավոր

Նոր կամավորների հավաքագրման ծրագիրն իրականացվում է ՀԱԵ-ի կողմից՝ խթանելու հայ երիտասարդների մասնակցությունը երիտասարդական ծրագրերում, ինչպես նաև համայնքի կյանքում: Կամավորները ներդնում են իրենց ժամանակը և մասնագիտական հմտությունները՝ ի շահ կազմակերպության ու համայնքի՝ միևնույն ժամանակ զարգացնելով իրենց անձնային և մասնագիտական հմտությունները:

Հայտադիմումների ընդունման կարգ

Եթե որոշել եք դիմել կամավորների հավաքագրման ծրագրին, հետևե՛ք ստորև նշված հրահանգներին և համոզվե՛ք, որ բարեհաջող լրացրել եք հայտադիմումը։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 10-ը, 2018։ Հայտադիմումը լրացնելու համար հետևե՛ք հետևյալ հղմանը՝ goo.gl/c22VCY։

Կամավորական շրջանը տևում է 6 ամիս՝ մարտից օգոստոս։

Նախընտրական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Քայլ 1՝ ծանոթացե՛ք պահանջներին,
Քայլ 2՝ ընտրե՛ք՝ ՀԱԵ խմբերից որում եք ցանկանում կամավորել,
Քայլ 3՝ լրացրե՛ք հայտադիմումը,
Քայլ 4՝ պատրաստվե՛ք հարցազրույցին։

Յուրաքանչյուր խումբը բաղկացած է 8-12 կամավորներից։

Ստորև կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ ծրագրում ներգրավվելու պահանջներին ու պայմաններին և աշխատանքային խմբերի գործունեությանը։

Երիտասարդություն և բնապահպանություն

Երիտասարդները կարող են կարևոր դեր խաղալ շրջակա միջավայրի խնդիրների լուծման հարցում՝ գործելով շրջակա միջավայրի պաշտպանության և կայուն զարգացման հիմունքներով։ Այդ իսկ պատճառով մեր «Երիտասարդություն և Բնապահպանություն» խմբի նպատակն է համախմբել երիտասարդներին, ովքեր ցանկանում են պայքարել Հայաստանում շրջակա միջավայրի խնդիրների դեմ։ Այս խմբում ներառված կամավորները ծավալում են համայնքի զարգացմանը  ուղղված կարևոր և դրական գործունեություն՝ դրա շրջանակներում ներառելով երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին, ինչպես նաև չափահասներին։

«Երիտասարդություն և բնապահպանություն» խմբի աշխատանքներում ներգրավվելու համար հարկավոր է համապատասխանել հետևյալ պահանջներին․

  • Շրջակա միջավայրի և առողջ ապրելակերպի վերաբերյալ տարրական գիտելիքներ,
  • Կայուն զարգացման կրթության վերաբերյալ տարրական գիտելիքներ,
  • Երեխաների (12-16 տարեկան) և դեռահասների հետ աշխատանքային փորձ,
  • «Շրջակա միջավայրը» թեմայով միջոցառումների և ակցիաների կազմակերպման փորձ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Անգլերեն լեզվի տարրական գիտելիքներ և հայերենի լավ իմացություն,
  • MS Word, Google Drive և Dropbox-ի իմացություն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ադրինե Աղաբեկյանին՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։

Երիտասարդություն և Մեդիա

«Երիտասարդություն և Մեդիա» խումբը կազմավորված է երիտասարդ կամավորներից, ովքեր հետաքրքրված են հոլովակների նկարահանմամբ, ֆիլմերի արտադրմամբ և մեդիայի տարբեր ոլորտներով, որոնք ընդգրկում են երիտասարդությանը վերաբերող տարբեր թեմաներ։ Միևնույն ժամանակ խումբն զբաղվում է տարբեր հարթակներում ՀԱԵ-ի տեսանելիության ապահովմամբ տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացման միջոցով։ Իրենց կամավորական շրջանի ընթացում կամավորները զարգացնում են իրենց լուսանկարչական, տեսանկարահանման և մոնտաժի հմտությունները։

Չնայած այն փաստին, որ Հայաստանում համացանցի ծածկույթը բավականին մեծ է՝ այլընտրանքային թվային մեդիայի և համացանցի նպատակային ու գրագետ օգտագործման մակարդակը ցածր է: «Երիտասարդություն և մեդիա» խումբը փորձում է խթանել մեդիա հասկացության գրագետ և ճիշտ ընկալումը երիտասարդների շրջանում: Մեդիագրագիտությանը վերաբերող աշխատաժողովների և սեմինարների միջոցով ՀԱԵ-ն փորձում է ընդլայնել ժամանակակից մեդիայի պոտենցիալը և օգտագործել այն կրթական նպատակներով: Մենք հավատացած ենք, որ համացանցը և այլընտրանքային թվային մեդիան կարող են դառնալ հզոր գործիքներ ակտիվ մասնակցության և ժողովրդավարության խթանման գործում:

«Երիտասարդություն և մեդիա» խմբի աշխատանքներում ներգրավվելու համար հարկավոր է համապատասխանել հետևյալ պահանջներին․

  • Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների իմացություն,
  • Լուսանկարչական ունակություններ և թվային լուսանկարչական տեսախցիկի օգտագործման իմացություն,
  • Մեդիա աշխատաժողովների և սեմինարների կազմակերպման փորձ,
  • Տեսահոլովակներ պատրաստելու փորձ (տեսանկարահանում և մոնտաժում),
  • Ֆիլմերի պատրաստման փորձ ,
  • Համակարգչային գրաֆիկայի և 2D անիմացիայի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Սցենարներ գրելու կարողություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Խաչատուր Թովմասյանին՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։

Տեղական միջոցառումներ

Տեղական միջոցառումները ՀԱԵ-ի գործունեության հիմնական մասերից են: ՀԱԵ-ն հաճախակի հյուրընկալում և կազմակերպում է տարբեր միջազգային միջոցառումներ աշխատակազմի անդամների և կամավորների համար, ինչպես նաև արտաքին միջոցառումներ երիտասարդների, ՀԱԵ-ի հետևորդների, շահառուների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ՀԱԵ-ի գործունեությամբ: «Տեղական միջոցառումներ» խմբի աշխատանքները ներառում են տեղական և միջազգային բազմաբովանդակ ծրագրերի, միջոցառումների, քարոզարշավների, համերգների, կոնֆերանսների և աշխատաժողովների կազմակերպումը: Այս բաժինը պատասխանատու է ՀԱԵ-ի ներքին և արտաքին միջոցառումների պլանավորման, կազմակերպման, կառավարման և իրականացման համար:

«Տեղական միջոցառումներ» խմբի աշխատանքներում ներգրավվելու համար հարկավոր է համապատասխանել հետևյալ պահանջներին․

  • Միջոցառումների կառավարման ոլորտում փորձ,
  • Նախագծերի կառավարման և կազմակերպման փորձ,
  • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Անգլերենի բավարար և հայերենի գերազանց իմացություն,
  • MS Word, Google Drive և Dropbox-ի հետ աշխատելու կարողություններ,
  • Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Արտիստային ունակություններ (երգելու, պարելու, արտասանելու կարողություն, երաժշտական գործիքներ նվագելու կարողություն),
  • Վարորդական իրավունք (պարտադիր չէ)։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ադրինե Աղաբեկյանին՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։

Հանրային կապեր և հաղորդակցություն

Հանրային կապերը շահույթ չհետապնդող կազմակերպությունների հաջողության հիմնական շարժիչ ուժն են: ՀԱԵ-ն բացառություն չէ: Լավ աշխատանք կատարելը բավարար չէ, եթե այն ճիշտ ձևով չես ներկայացնում: Ահա թե ինչ պատասխանատվություն է կրում ՀԱԵ-ում «Հանրային կապեր և հաղորդակցություն» խումբը: Խմբում ընդգրկված կամավորները զբաղվում են ՀԱԵ-ի տեսանելիության ապահովմամբ, կազմակերպության սոցիալական կայքերի կառավարմամբ, հանրային պրեզենտացիաների կազմակերպմամբ, ինչպես նաև ուսանողների հետ հանդիպումների, քարոզարշավների և միջոցառումների կազմակերպմամբ: «Հանրային կապեր և հաղորդակցություն» խմբի գործունեությամբ է պայմանավորված ՀԱԵ-ի ներկայացումն արտաքին աշխարհին։

«Հանրային կապեր և հաղորդակցություն» խմբի աշխատանքներում ներգրավվելու համար հարկավոր է համապատասխանել հետևյալ պահանջներին․

  • Հոդվածներ և մամլո հաղորդագրություններ գրելու փորձ,
  • Ստեղծագործական մտածողություն,
  • Լրատվական ընկերություններում, հեռուստաընկերություններում կամ մեդիա հարթակում աշխատանքային կամ կամավորական փորձ,
  • Թարգմանչական կարողություններ,
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
  • Լուսանկարահանման, դիզայներական և խմբագրման կարողություններ,
  • Աշխատանքային փորձ մեդիայի ներկայացուցիչների հետ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Հենրիկ Սահակյանին՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։

Ինչքա՞ն ժամանակով է կամավորությունը:

Կամավորության նախնական փուլը նախատեսված է 6 ամսվա համար: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ՀԱԵ-ն սկսում է կամավորների հավաքագրման նոր փուլ: Այնուամենայնիվ, հնարավոր է նաև երկարաձգել կամավորական շրջանի ժամկետը, եթե կամավորը կրկին դիմում է, և նրա հայտադիմումը հաստատվում է կազմակերպության կողմից։

Որո՞նք են կամավորի իրավուքները և շահերը:

  • Կամավորներին տրվում է հնարավորություն՝ մասնակցելու միջազգային թրեյնինգներին, փոխանակման ծրագրերին, որոնց ծախսերը մեծամասամբ հոգում է կազմակերպությունը:
  • Միջազգային և տեղական ծրագրերի մասնակիցների հավաքագրման ժամանակ նախապատվությունը տրվում է կամավորներին:
  • Կամավորներին կարող է տրվել հավաստագիր կամավորական շրջանը ավարտելու վերջում, ինչպես նաև նրանք կարող են անհրաժեշտության դեպքում ստանալ անհատական երաշխավորագրեր։
  • Կամավորները կարող են օգտագործել կազմակերպության հնարավորություները, սարքավորումները և ռեսուրսներն իրենց սեփական և աշխատանքային աճի համար:
  • Կամավորները դառնում են ՀԱԵ մեծ ցանցի անդամ և ստեղծում են կապեր, որոնք օգտակար կլինեն աշխատանքային շուկա մուտք գործելիս:

Որո՞նք են կամավորների պարտականությունները։

  • Կամավորները պարտավոր են շաբաթական 2 ժամ տրամադրել խմբային հանդիպումներին, որոնք մեծամասամբ տեղի են ունենում կազմակերպության գրասենյակում։
  • Կամավորները պարտավոր են իրականացնել իրենց հանձնարարված առաջադրանքները պատշաճ կերպով և ժամկետներում, որոնք սահմանվում են խմբի ղեկավարի կողմից։
  • Կամավորները մասնակցում են շաբաթական խմբային հանդիպումներին և պետք է օգտագործեն կազմակերպության հնարավորություններն ու ռեսուրսները հավուր պատշաճի:

Կամավորների և ՀԱԵ-ի համագործակցությունը հիմնված է կամավորական համաձայնագրի վրա, որը ստորագրվում է կամավորության շրջանի առաջին օրը: Պայմանագիրը սահմանում է երկու կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները: