Փոփոխությունների ալիք

Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում

Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում կարևոր է ուսանողության ակտիվ մասնակցությունը: Ակտիվ ուսանողը որակյալ կրթության թիվ մեկ պահանջատերն է և նրա մասնակցությունը անհրաժեշտ է իր կրթությանը վերաբերող ցանկացած բարեփոխումների քննարկմանն ու իրականացմանը: Այնուամենայնիվ, ուսանողները շարունակում են դուրս մնալ կրթական բարեփոխումների օրակարգից, կարծես թե դա նրանց չի վերաբերում: Ուսանողների կողմից «ընտրվող» ներկայացուցչական մարմինները հաճախ շարունակում են մնալ քաղաքականացված և չեն ներկայացնում ուսանողի շահերը: Այս համատեքստում անհրաժեշտ է այնպիսի անկախ հարթակի առկայությունը, որտեղ ուսանողները ազատ կլինեն բարձրաձայնելու իրենց կրթությանը վերաբերող խնդիրները և քննարկելու այդ խնդիրների լուծման ճանապարհները:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը մեկնարկում է «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագիրը` նպաստելու ուսանողների մասնակցության բարձրացմանը կրթական բարեփոխումներին, խթանելու կրթության որակի նկատմամբ նրանց պահանջի ձևավորումը և աջակցելու ակտիվ ուսանողների նախաձեռնություններին:

Ծրագրի թիրախը Հայաստանի տարբեր բուհերում սովորող այն ուսանողներն են, ովքեր ցանկանում են ունենալ անկախ, այլընտրանքային և ապահով տարածք, որտեղ կարող են`
  • մասնակցել բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների շուրջ քննարկումներին,
  • առաջարկել լուծումներ և փորձարկել այդ լուծումները ներբուհական կամ միջբուհական ուսանողական համագործակցության միջոցով,
  • համագործակցել կրթական քաղաքականության մշակողների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ,
  • առաջարկել, նախագծել և իրականացնել իրենց գաղափարները, որոնք կնպաստեն իրենց իսկ բուհում կրթության որակի բարձրացմանը,
  • ձևավորել հստակ առաջարկությունների փաթեթ և ներկայացնել այն պետական կրթական քաղաքականության պատասխանատուներին և որոշում կայացնողներին,
  • մոբիլիզացնել ակտիվ ուսանողներին ուսանողական ծրագրերի նախագծման և իրականացման մեջ:

Ծրագրի նպատակներն են՝
  • ձևավորել Հայաստանում բարձրագույն կրթության որակի նկատմամբ ակտիվ ուսանողների պահանջը,
  • ակտիվացնել և մոբիլիզացնել ուսանողներին իրենց կրթության խնդիրների և մտահոգությունների շուրջ և իրականացնել դրանց լուծմանն ուղղված գործողություններ,
  • զարգացնել ուսանողների առաջնորդության ունակությունները և նպաստել Հայաստանում ուսանողական ակտիվիզմի զարգացմանը,
  • ներառել ուսանողներին Հայաստանում կրթական բարեփոխումների շուրջ քննարկումներին որպես բարեփոխումների իրականացման մասնակից, ոչ թե սպառող:
  • Ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն են ունենալու՝
    • Մասնակցելու՝
    • 1 տարի տևողությամբ ուսանողական ակտիվիզմի դպրոցի,
    • փորձագետների և որոշում կայացնողների հետ զրույց-հանդիպումների,
    • Կենտրոնական Եվրոպայի մի քանի համալսարաններում ուսումնական այցերի,
    • Կազմակերպելու՝
    • ուսանողներին մտահոգող խնդիրների շուրջ տարբեր գործողություններ,
    • ուսանողների շահերի պաշտպանության արշավներ և ծրագրեր,
    • Մշակելու՝
    • առաջարկությունների փաթեթ,
    • հստակ պահանջներ՝ ուղղված կրթության ոլորտի պատասխանատուներին,
    • ուսանողական նախագծեր և նախաձեռնություններ,
    • Ստանալու՝
    • սեփական ծրագրերը իրականացնելու համար ֆինանսավորում,
    • տեղացի և միջազգային փորձագետների հետ հանդիպելու հնարավորություն,
    • ավարտական դիպլոմ:

    Ուսումնական այց կենտրոնական Եվրոպա

    Մեկամյա ծրագիրը հաջողությամբ ավարտած 15 ուսանողներ հնարավորություն կստանան երկշաբաթյա կրթական այցով մեկնել Լեհաստան, Չեխիա և Սլովակիա` տեղում ծանոթանալու ուսանողական ծրագրերին, ինչպես նաև ուսանողական կառույցների և համալսարանների աշխատանքին:

    «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝
    • Ուսանողական ակտիվիզմի դպրոց: Ուսանողական ակտիվիզմի դպրոցը կհամախմբի հայաստանյան բուհերում սովորող 30 ուսանողների` 6 ամիս տևողությամբ ինտենսիվ դասընթացների: Դպրոցը կլինի ապահով տարածք, որտեղ ակտիվ ուսանողները շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, կմասնակցեն պրոֆեսիոնալ ուսուցանողների կողմից տրամադրվող դասընթացների, ազատ և քննադատաբար կքննարկեն Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի առկա խնդիրները, ձեռք կբերեն գիտելիքներ ակտիվ քաղաքացիության, ժողովրդավարական սկզբունքների, մեդիագրագիտության, հանրային խոսքի, առաջնորդության, ուսանողական իրավունքների, քննադատական մտածողության և մի շարք այլ հիմնարար թեմաների մասին:
    • Փորձագետների հետ զրույցներ: Փորձագետների հետ զրույցներին կմասնակցեն ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, ակտիվիստներ, ուսուցանողներ Հայաստանից, Չեխիայից, Լեհաստանից և Սլովակիայից։ Փորձագետների հետ զրույցներում մասնակիցները կծանոթանան բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող հետազոտություններին, կուսումնասիրեն տարբեր թեմաներ, ինչպիսիք են ակադեմիական ազատությունը բուհերում, բուհերի կառավարման ժողովրդավարական մոդելները, կրթության կազմակերպման մոտեցումները, ուսանողների իրավունքները, ակադեմիական ազնվությունը և գրագողությունը: Փորձագետների հետ զրույցների արդյունքում ուսանողները կստանան ավելի խորը գիտելիքներ բարձրագույն կրթության որակի և դրա ապահովման վերաբերյալ: Զրույցները կբարձրացնեն ուսանողների տեղեկացվածությունը ուսանողական ակտիվության, ուսանողական շարժումների, կրթության ոլորտում սոցիալական արդարության և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
    • Ուսանողների գաղափարների ֆինանսավորում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել ուսանողների կողմից ստեղծված մի քանի թիմային նախաձեռնություններ՝ մինչև 500.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր նախաձեռնության համար: Ակտիվ ուսանողները միասին կընտրեն Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում իրենց մտահոգող մեկ կամ մի քանի խնդիրներ և կմշակեն ու կիրականցնեն դրանց մասին իրազեկման արշավներ կամ դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններ: Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի 3-5 ծրագրային առաջարկ: Ուսանողների գաղափարների ֆինանսավորման նպատակն է աջակցել ուսանողներին գործնականում կիրառել ձեռք բերված գօտելիքները, ձեռք բերել ուսանողներին մոբիլիզացնելու, ուսանողական շարժում կառուցելու և շահերի պաշտպանության փորձ:
    • Ուսանողների շահերի պաշտպանության արշավներ: Ուսանողներին մտահոգող խնդիրները միասին վեր հանելուց հետո, կմերկնարկեն ուսանողների շահերի պաշտպանության արշավները, որոնց ընթացքում ուսանողները օգտագործելով մեդիա և հաղորդակցության գործիքները՝ կկազմակերպեն իրազեկման արշավներ, հանդիպումներ այլ ուսանողների հետ, կտարածեն իրենց վերհանած խնդիրների վերաբերյալ իրազեկող նյութեր, կքննարկեն լուծման հնարավոր ճանապարհները: Շահերի պաշտպանության արշավների շրջանակներում կկազմակերպվեն հանդիպումներ ուսանողների, կրթական ոլորտի քաղաքականության փորձագետների, նախարարությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ երիտասարդ ուսանողները կարող են իրենց մտահոգող հարցերը ուղել պատասխանատուներին և երկխոսություն սկսել բարձրագույն կրթության ոլորտում շահագրգիռ կողմերի հետ: Բացի հանդիպումից, կպատրաստվի Հռչակագիր, որը կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և բուհերին
    • Առաջարկների փաթեթի ձևավորում: Որպես ծրագրի արդյունք կմշակվի առաջարկությունների փաթեթ, որը հիմնված կլինի ծրագրի ընթացքում ուսանողների բարձրաձայնած խնդիրների և առաջարկվող լուծումների վրա: Առաջարկները ուղղված կլինեն կրթության համար պատասխանատու պետական մարմիններին, միջազգային կառույցներին, ինչպես նաև մասնավոր հատվածին: Առաջարկությունների փաթեթի կազմումը խորհրդատվական հանդիպումների հետ միասին կբարձրացնի բարձրագույն կրթության հաստատությունների իրազեկվածությունը ուսանողական ակտիվության կարևորության և ուսանողների խնդիրների վերաբերյալ՝ նպաստելով կրթության բարեփոխումների շուրջ ուսանողության և շահագրգիռ կողմերի համագործակցությանը:
    • Ուսումնական այց Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Մեկամյա ծրագիրը հաջողությամբ ավարտած 15 ուսանողներ հնարավորություն կստանան երկշաբաթյա կրթական այցով մեկնել Լեհաստան, Չեխիա և Սլովակիա` տեղում ծանոթանալու ուսանողական ծրագրերին, ինչպես նաև ուսանողական կառույցների և համալսարանների աշխատանքին: Ուսումնական այցի շրջանակներում ուսանողները կայցելեն տեղական բուհեր և հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են բարձրագույն կրթության ոլորտում, կհանդիպեն ուսանող ակտիվիստների, համալսարանի աշխատակիցների և ուսանողների, կծանոթանան Կենտրոնական Եվրոպայում գործող ուսանողական խորհուրդների և ուսանողական կազմակերպությունների աշխատանքին: Ուսումնական այցին մասնակցելու համար կընտրվեն այն մասնակիցները, ովքեր մեկ տարվա ընթացքում կցուցաբերեն ակտիվություն, կիրականացնեն թիմային նախաձեռնություններ և կստանան ավարտական վկայական: Ուսումնական այցի բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները:

    Ծրագրի ակնկալվող ազդեցությունը՝
    • Ծրագրի մասնակիցների առնվազն 80%-ի մոտ կբարձրանա իրազեկվածությունը բարձագույն կրթության խնդիրների և մարտահրավերների մասին, կբարձրանա ակտիվության և կրթական գործընթացներին մասնակցության մակարդակը:
    • Առնվազն 200 երիտասարդ ուսանողներ կներգրավվեն ուսանողների կողմից կազմակերպված ծրագրերում և շահերի պաշտպանության արշավներում:
    • Առնվազն 500 ուսանող կներգրավվի ծրագրի տարբեր գործողություններում:
    • Մասնակից 30 ուսանողները կկիրառեն իրենց գիտելիքները գործնականում, ինչը կնպաստի ուսուցման գործընթացի արդյունավետության ուժեղացմանը:
    • Կիրականացվեն առնվազն 3 ներբուհական կամ միջուհական ուսանողական նախաձեռնություններ, որոնք կմոբիլիզացնեն ուսանողներին իրենց կրթությանը վերաբերող խնդիրների շուրջ:
    • Փորձագիտական զրույցների և ուսումնաիկան այցի շրջանակներում, մասնակից ուսանողները կապեր և համագործակցություն ձեռք կբերեն Չեխիայի, Լեհաստանի և Սլովակիայի ակտիվ ուսանողների, համալսարանների, դասախոսական կազմի և ուսանողական կազմակերպությունների հետ:

    Ծրագրին դիմելու կարգը՝

    «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագրին դիմելու ընթացակարգը բաղկացած է 2 փուլերից։
    Այսպիսով, ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել ծրագրի հայտադիմումը։ Առաջին փուլը հաջողությամբ անցած թեկնածուները կմասնակցեն ծրագրի ընտրության երկրորդ փուլին՝ հարցազրույցին։
    Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է։

    Ծրագրի միջազգային գործընկերներն են՝ Մատեյ Բելի համալսարանը (Սլովակիա), Միջազգային ծրագրերի ասոցիացիան (Լեհաստան), Բրեցլավի եվրոպական երիտասարդական կենտրոնը (Չեխիա) և Youthfully Yours երիտասարդական կազմակերպությունը (Սլովակիա):

    Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: